Քունը ծնվել և մեծացել է Օհայոյում՝ Քոփլիում[4]՝ Պոլի (ծննդյամբ Պլոենս) և Ջոն Քունի ընտանիքում[5]։ Նա ունի ավագ քույր և երեք եղբայր[4]։ 1999 թվականին ավարտել է Քոփլիի միջնակարգ դպրոցը։ 2003 թվականին Քունը Մունթ Յունիոնի համալսարանում ստացել է անգլերենի և իսպաներենի բակլավարի աստիճան, իսկ 2006 թվականին Մեդիսոնի համալսարանի դերասանական արվեստի մագիստրոսի աստիճան[6][7]։
Վիսկոնսինի թատրոնում չորս տարի աշխատելուց հետո Քունը տեղափոխվել է Չիկագո, որպեսզի կարիերան շարունակի ավելի մեծ բեմերում[8]։ 2010 թվականին նա իր վրա է վերցրել Չկագոյի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» բեմադրության դերակատարումը[9], իսկ 2013 թվականի սկզբին այդ դերը կրկնել է պիեսի բրոդվեյական տարբերակում, ինչի համար հետագայում արժանացել է «Theatre World» մրցանակի, ինչպես նաև «Թոնի» մրցանակի՝ պիեսի երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար[10][11][12]։ 2011 թվականին՝ հինգ տարի բեմում խաղալուց հետո, Քունն առաջնաելույթ է ունեցել հեռուստատեսությունում՝ NBC-ի «Փլեյբոյ ակումբ» կարճամետրաժ շոուի էպիզոդում, հյուր է եղել «Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում», «Այրոնսայդ» և «Արհեստական բանականություն» սերիալներում։
«Թոնի» մրցանակի առաջադրվելուց հետո 2014 թվականին Քունը HBO-ի «Մնացորդ» սերիալում ստացել է Նորա Դարստի դերը՝ Ջասթին Թերի և Էմի Բրենեմանի հետ միասին[13]։ Դրա հետ միաժամանակ նա առաջնաելույթ է ունեցել մեծ էկրանին՝ ռեժիսոր Դևիդ Ֆինչերի«Կորածը» ֆիլմում[14][15]։ 2016 թվականին «Մնացորդ» հեռուստասերիալում խաղացած դերի համար շահել է «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» մրցանակը։
2017 թվականին նա «Ֆարգո» հեռուստասերիալ-անթոլոգիայի երրորդ եթերաշրջանում խաղացել է գլխավոր դեր[16], որի համար ստացել է «Էմմի» մրցանակ՝ «Լավագույն կանացի դեր մինի սերիալում կամ ֆիլմում» կատեգորիայում։ Քունը նաև շահել է հեռուստատեսային քննադատների ասոցիացիայի մրցանակ՝ «Մնացորդ» և «Ֆարգո» դրամաներում անձնական ձեռքբերումների համար։